Թարգմանությունը՝ Նազելի Տեր-Պետրոսյանի
Ես շատ փոքր էի, երբ մեր տանը հայտնվեց հեռախոս՝ մեր քաղաքի ամենաառաջին հեռախոսներից մեկը: Հիշո՞ւմ եք այդ մեծ, ծանրաշարժ տուփ-ապարատները:
Ես դեռ բավականին ցածրահասակ էի, որպեսզի հասնեի պատից կախված փայլուն լսափողին, և միշտ հմայված նայում էի, թե ինչպես են իմ ծնողները խոսում հեռախոսով:
Ավելի ուշ ես կռահեցի, որ այդ զարմանալի լսափողի մեջ նստում է մարդ, որին անվանում են՝ Օպերատոր, բարի եղեք: Եվ չկար այնպիսի մի բան, որ այդ մարդը չիմանար:
Օպերատոր, բարի եղեքը ամեն ինչ գիտեր՝ սկսած հարևանների հեռախոսային համարներից, վերջացրած գնացքների չվացուցակով:
Շշում գտնվող այդ ջինի հետ իմ շփան առաջին փորձը տեղի ունեցավ, երբ ես մենակ էի տանը և մուրճով խփել էի մատիս: Լացելու իմաստ չկար, որովհետև տանը մարդ չկար, որպեսզի ինձ խղճար: Բայց ցավը ուժեղ էր: Եվ այդ ժամանակ ես դրեցի աթոռը պատից կախված հեռախոսի մոտ:
— Օպերատոր, բարի Եղեք:
— Լսում եմ:
— Գիտեք, ես խփել եմ մատիս…մուրճով…
Եվ այդ ժամանակ ես սկսեցի լաց լինել, որովհետև հայտնվեց ինձ ունկնդիր:
— Մայրիկը տա՞նն է,- հարցրեց Օպերատոր, բարի եղեքը:
— Ոչ ոք չկա,- փնթփնթացի ես:
— Արյուն գալի՞ս է,- հարցրեց ձայնը:
— Ոչ, ուղղակի շատ է ցավում:
— Տանը սառույց կա՞:
— Այո՛:
— Կարո՞ղ ես բացել սառույցով արկղը:
— Այո՛:
— Մատիդ վրա սառույցի կտոր դիր,- առաջարկեց ձայնը:
Այս դեպքից հետո ես զանգում էի Օպերատոր, բարի եղեքին ամեն առիթով: Ես խնդրում էի նրան օգնել ինձ անել դասերս և իմանում էի նրանից, թե ինչով կերակրել ծովախոզուկին:
Մի անգամ մեր դեղձանիկը սատկեց: Ես միանգամից զանգեցի Օպերատոր, բարի եղեքին և տեղեկացրի նրան այդ վատ նորության մասին: Նա փորձում էր ինձ սփոփել, բայց ես անսփոփ էի և հարցրեցի.
— Ինչո՞ւ այդպես պետք է լիներ, որ գեղեցիկ թռչնակը, որը այդքան ուրախություն էր բերում մեր ընտանիքին իր երգով, սատկեր և դառնար փոքրիկ գնդակ, ծածկված փետուրներով, պառկած վանդակի հատակին:
-Պոլ,- ասաց նա կամաց,- միշտ հիշիր՝ կան ուրիշ աշխարհներ, որտեղ կարելի է երգել:- Եվ ես միանգամից հանգստացա:
Հաջորդ օրը ես զանգեցի այնպես, ինչպես ոչինչ չէր եղել և հարցրեցի՝ ինչպես է գրվում fix բառը:
Երբ ես դարձա ինը տարեկան, մենք տեղափոխվեցինք ուրիշ քաղաք: Ես կարոտում էի Օպերատոր, բարի եղեքին և հաճախ հիշում էի նրա մասին, բայց այդ ձայնը պատկանում էր իմ առաջվա տան հին, ծանրաշարժ հեռախոսային ապարատին և ոչ մի ձև չէր ասոցացվում միջանցքի նոր, փայլուն հեռախոսի հետ:
Պատանի ժամանակ ես նույնպես չէի մոռանում նրա մասին. հիշողությունը այն մասին, թե որքան էի ես պաշտպանված ինձ զգում այն երկխոսությունների ընթացքում, օգնում էին ինձ տարակուսանքի և շփոթության պահերին:
Երբ ես արդեն չափահաս էի, կարողացա գնահատել, թե ինչքան համբերատար և նրբանկատ էր նա՝ երեխայի հետ խոսելիս:
Քոլեջը ավարտելուց հետո՝ մի քանի տարի անց, ես եկա իմ հարազատ քաղաք: Ունեի ընդամենը կես ժամ, մինչ ինքնաթիռը փոխելը:
Առանց մտածելու՝ մոտեցա հեռախոսի ապարատին և հավաքեցի համարը: Զարմանալի է՝ նրա ձայնը, այդքան ծանոթ, պատասխանեց: Եվ այդ ժամանակ ես հարցրեցի.
— Չե՞ք ասի, ինչպե՞ս է գրվում fix բառը:
Սկզբից՝ երկար դադար: Հետո հետևեց պատասխանը, հանգիստ և փափուկ, ինչպես միշտ.
— Իմ կարծիքով, քո մատը այս ընթացքում արդեն լավացել է:
Ես ծիծաղեցի.
— Օ՜, դա իրոք դուք եք: Հետաքրքիր է, գիտեի՞ք դուք, թե ինչքան կարևոր էին ինձ համար մեր խոսակցությունները:
— Իսկ ինձ հետաքրքրում է,- ասաց նա,- դու գիտեի՞ր՝ թե ինչ արժեք ունեին ինձ համար քո զանգերը: Ես երբեք չեմ ունեցել երեխաներ, և քո զանգերը ինձ համար մեծ երջանկություն էին:
Եվ այդ ժամանակ ես պատմեցի նրան՝ ինչքան հաճախ էի հիշում նրա մասին այս տարիների ընթացքում և հարցրեցի, թե կարելի՞ է հանդիպել, երբ ես էլի գամ քաղաք:
— Իհարկե,- պատասխանեց նա:- Ուղղակի զանգիր և կանչիր Սալիին:
Երեք ամսից ես էլի իմ քաղաքում էի:
Ինձ պատասխանեց ուրիշ, անծանոթ ձայն.
— Օպերատոր:
Ես խնդրեցի կանչել Սալիին:
-Դուք նրա ընկե՞րն եք,-հարցրեց ձայնը:
— Այո՛, շատ հին ընկերը,- պատասխանեցի ես:
— Ես ցավում եմ, բայց Սալին մահացել է մի քանի շաբաթ առաջ:
Մինչ իմ՝ հեռախոսը անջատելը, նա ասաց.
— Մի րոպե սպասեք: Ձեր անունը Պո՞լ է:
— Այո՛:
— Եթե այդպես է, ուրեմն Սալլին ձեզ համար գրառում է թողել այն դեպքի համար, եթե դուք զանգեք… Կարո՞ղ եմ այն կարդալ ձեզ համար: Ուրեմն այսպես… գրառման մեջ ասված է.
«Հիշեցրու նրան, որ կան ուրիշ աշխարհներ, որտեղ կարելի է երգել: Նա կհասկանա»:
Ես շնորհակալություն հայտնեցի նրան և անջատեցի հեռախոսը: